«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«ԻՄ «ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐԵՐԸ» ԴԱՍԱԿԱՆ ՊՈԵՏՆԵՐՆ ԵՆ»

«ԻՄ «ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐԵՐԸ» ԴԱՍԱԿԱՆ ՊՈԵՏՆԵՐՆ ԵՆ»
08.12.2009 | 00:00

«Կամուրջ» հասարակական կազմակերպության և վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ վերջերս Վրաստանի «Գարրի Դավթյանի խամաճիկների տանը» հյուրընկալվել էին ամերիկաբնակ բանաստեղծուհի Սոնա Վանը և ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը: Սոնա Վանի պոեզիային նվիրված երեկոյին մասնակցել են հայ և վրացի մտավորականներ, արվեստի, մշակույթի ականավոր գործիչներ: Վրաց ընթերցողը Սոնա Վանի պոեզիային ծանոթ է «Ես ձայն եմ լսում» գրքի թարգմանությունից: Գիրքը լույս է տեսել պետպատվերի շրջանակում, թբիլիսցի բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի թարգմանությամբ, ՎԳՄ նախագահ Մաղվալա Գոնաշվիլու նախաբանով: Հանդիպման մասին պատմում է ՍԻԼՎԱ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԸ:
-Չնայած ասում են` ստեղծագործության թարգմանությունը շուռ տված գորգ է կամ ապակու տակ դրված վարդ, բայց, ի՞նչ արած, մշակույթների հաղորդակցման այլ լեզու չկա: Սոնայի պոեզիան, չնայած որոշակի կորուստներին, հասել է վրաց ընթերցողի սրտին, դա հասկանալի էր դահլիճում հանդիսատեսի ընդունելությունից, մամուլի արձագանքներից: Հանդիպմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանատան խորհրդական Եղիա Մանսուրյանն ու Արտակ Մարտիրոսյանը, ռուս բանաստեղծուհի Աննա Բարդիչևսկայան (Սոնայի սպասվելիք ռուսերեն գրքի թարգմանությունների խմբագիրն է), Ռուսթավելու թատրոնի դերասան, նկարիչ Ժանրի Լոլիչվիլին, հայտնի կինոռեժիսոր Թենգիզ Աբուլաձեի որդին` ճարտարապետ Գիա Աբուլաձեն, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, որը Սոնայի վրացերեն գրքի մասին խոսեց որպես հայ և վրաց ժողովուրդների բարեկամության նոր ու գեղեցիկ էջի: Հատկապես տպավորիչ էր Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդի խոսք ու զրույցը. նա քաջատեղյակ էր հայ և վրաց ժողովուրդների ստեղծած մշակութային արժեքներին, և կարծում եմ, վիրահայերի մեզ հուզող որոշակի խնդիրների լուծմանը կնպաստեն նաև վրաց մտավորականները, քանի որ այդպիսին է, առհասարակ, մտավորականի առաքելությունը:
Ինձ համար մի այլ, անբացատրելի խորհուրդ ուներ «Գարրի Դավթյանի խամաճիկների տունը», ուր մեզ հյուրընկալեց Գարրի Դավթյանի այրին` Ժաննա Դավթյանը: Ինձ թվում է, յուրաքանչյուր հայ, որ մեկնում է այդ երկիրը, պետք է անպայման այցելի այնտեղ: Միայն կարող ես հպարտանալ այդ տիկնիկների վարպետությամբ: Ես հասկացա, որ աշխարհում չար տիկնիկներ չեն լինում, բոլոր տիկնիկները բարի են:
-Դուք` որպես ասմունքող, յուրատեսակ միջնորդ եք բանաստեղծի և հանդիսատեսի միջև։ Ըստ Ձեզ` ինչո՞վ է պայմանավորված Սոնա Վանի պոեզիայի այդչափ ջերմ ընդունելությունը:
-Սոնայի բանաստեղծական տաղանդով: Նրա պոեզիան նոր է, բայց նորամոլ չէ, ժամանակի ոտնաձայնը կա նրա գործերում և ինձ համար` որպես կին ընթերցողի, դառնում է կանացի նուրբ մենախոսություն, միևնույն ժամանակ` զրուցակից: Վերջերս Սոնայի գործերը թարգմանվել են նաև ուկրաիներեն, ընթացքի մեջ է ռուսերեն գիրքը, որ լույս կտեսնի մինչև նոր տարի: Թարգմանությունների մեծ մասի հեղինակը ռուս երևելի բանաստեղծուհի Ինա Լիսնյանսկայան է, որն անցյալ տարի արժանացել է ռուս պոետների բարձրագույն մրցանակին: Ես ուրախ եմ, որ հայ բանաստեղծուհին ներկայանում և արձագանք է գտնում այլ երկրներում:
-Նոր և հետաքրքիր առաջարկներ եղա՞ն:
-Թարգմանվելու է Սոնայի ամբողջական գիրքը վրաց բանաստեղծի կողմից: Ինձ հրավիրել են մենահամերգի: Հետաքրքիր է, որ ես հեռու գաղթօջախներում ավելի շատ եմ եղել, քան ներքին սփյուռքում, ուր նույնպես շատ անելիք կա:
- Ինչպիսի՞ն են վիրահայերը:
-Հայն ամեն տեղ էլ նույնն է, ես հայ համայնքի հրավերով շատ եմ եղել արտերկրում և կարող եմ ասել` երկու ազգ կա, որ անմիջապես տարբերվում է, առանձնանում` հայը և հույնը:
-Իսկ ի՞նչ կասեք վրաց ժողովրդի մասին:
-Այս կարճատև ճամփորդության ընթացքում նկատեցի, որ վրացիները կարողացել են պահպանել ճարտարապետական առումով այն, ինչ թանկ է իրենց սրտին: Լինելով «ամերիկամետ»` նրանք չեն զիջում իրենց լեզվի տարածքներն անգլերեն և այլալեզու ցուցանակներին, գովազդներին, մի բան, որ չես ասի մեր մայրաքաղաքի համար: Վերադարձել եմ, բայց մինչև հիմա աչքիս առաջ են երեկոյան ժամերին վրաց լուսարձակող տառերը:
-Վերադառնանք Հայաստան: Համակարգչային, տագնապաքայլ մեր դարում գրականության, պոեզիայի համար տեղ ու ժամանակ չի մնում: Իսկապե՞ս այդքան հեռացել ենք պոեզիայի լուսավոր աշխարհից:
-Ապրում ենք նորագույն տեխնիկայի դարաշրջանում, անգամ գրքերն ընթերցվում են էլեկտրոնային տարբերակով, և պետք է ասեմ, որ այսօր ասմունքողների կարիքն ավելի է զգացվում: Չէ՞ որ ասմունքողն ասես բանավոր խոսքի մունետիկ լինի: Հոգու սովը բոլոր ժամանակների համար էլ ահազանգ է եղել: Բայց միշտ էլ գտնվել են գեղեցկապաշտներ, նվիրյալներ: Չեմ կարծում, որ եթե նախկինում հազարավոր տպաքանակներով էին բանաստեղծական գրքերը լույս տեսնում, բոլորը պոեզիա էին կարդում: Պոեզիան ընկալող ընթերցողն ինչ-որ տեղ հավասարվում է գրողին, կարծում եմ, որ քչերը կարող են զգալ պոեզիան: Մեր ժողովրդի պարագայում մի քիչ ուրիշ է, մենք խոսքի ժողովուրդ ենք, մեր ծնունդն աշխարհին ավետել ենք խոսքով, Վահագնի ծնունդով` «Երկներ երկին, երկներ երկիր, երկներ և ծովն ծիրանի…»։
-Այսինքն` Ձեր հանդիսատեսը չի՞ փոխվել:
-Այս տարի «Արամ Խաչատրյան» համերգասրահում երկու մենահամերգ ունեցա մեկ շաբաթվա ընթացքում, դահլիճը լեփ-լեցուն էր, մեծ թիվ էին կազմում հատկապես երիտասարդները, հասկացա, որ ամեն ինչ կորած չէ, իսկապես, մեր ժողովուրդը խոսքի, պոեզիայի ժողովուրդ է, հասկացա, որ մարդը չի փոխվում իր ներաշխարհով: Եթե պոեզիայի ձայնը չլսվի, ուրեմն մարդը պիտի դադարի սիրել, ատել, որովհետև բանաստեղծության մեջ առկա են մարդկային զգացողությունների բոլոր ելևէջները: Մի՞թե հիմա sms-ներով սիրային նամակներ չեն ուղարկում, գիտեմ, որ Սուրբ Սարգսի տոնին odnoklassniki կայքով երիտասարդներն իրար բանաստեղծություններ են նվիրում:
-Ի՞նչ է պոեզիան, ինչո՞ւ է այդքան հարազատ մարդկանց սրտին:
-Բարդ հարց է, նույնիսկ ամենամեծ բանաստեղծները դժվարացել են պատասխանել: Պոեզիան հունարեն բառ է, նշանակում է արարել: Արարումը կապված է Աստծո հետ, ճշմարիտ բանաստեղծության ձայնը վերևից է:
-Երկնայի՞ն երևույթ է:
-Այո՛, կարծում եմ` պոետը երկրի վրա ժամանակավոր է ապրում, նրա իսկական տեղը Պառնասում է: Պոեզիան անսահմանության, ներդաշնակության ձգտելու, հոգու արարման անվերջ ճանապարհ է: Չգիտեմ, ինչ է կատարվում մարդու հետ, որը սպիտակ թղթի առաջ տողեր է գրում: Գիտեմ, որ բանաստեղծական խոսքն ունի բուժիչ ազդեցություն, ի վերջո Քրիստոսը խոսքով էր բուժում, փրկում մարդկանց: Պոեզիան բալասան է, սփոփանք: Վերջերս կարդացի, որ գերմանացի և հոլանդացի երկու բժիշկներ հետազոտություն են անցկացրել սրտանոթային հիվանդությամբ տառապող մարդկանց շրջանում։ Պարզվել է, որ բարձրաձայն բանաստեղծություն կարդալը, պոետիկ տողը (խոսքը դասական գործերի մասին է) կարգավորում է սրտի առիթմիան, այսինքն` դեղահաբի ազդեցություն ունի: Էլ չասենք նարեկաբուժության մասին, որն այսօր հատուկ ուսումնասիրության նյութ է դարձել:
-Ասում են` իսկական արվեստը մաքրում է հոգին: Դուք հանդիսատեսին փոխանցում եք հզոր էներգիա, պոեզիայի ուժը, իսկ ի՞նչ զգացողություն եք ունենում ինքներդ:
-Ասմունքողի ես-ը և պոետի ես-ը նույնանում են: Ասմունքողն անմիջական միջնորդ է պոետի և հանդիսատեսի միջև, նաև` զրուցակից: Սակայն սարսափելի է ունենալ հազարից ավելի հանդիսատես. այդ ամբողջ էներգիան, զգայական լիցքերն անցնում են քո միջով, ուրեմն, պիտի շատ ուժեղ լինես, որովհետև ասմունքողը բեմի վրա մենակ է և ինչ-որ տեղ` խոցելի: Ասմունքողը կարող է մի շատ մեծ պոետի տապալել, պատկերացնո՞ւմ եք` տապալել Չարենցին, ի՜նչ հանցագործություն…
-Նորացնո՞ւմ եք բանաստեղծությունների ցանկը, ժամանակակից ստեղծագործողները Ձեզ հետաքրքրո՞ւմ են:
-Չնայած իմ «խոստովանահայրերը» դասական պոետներն են, բայց ժամանակակից արժանավոր գործեր եմ տեսնում, որ ներկայացրել եմ և կներկայացնեմ: Ամեն դեպքում, կարող ես լինել լավ բանաստեղծությունների հեղինակ, բայց չունենալ քո աշխարհը…
-Ասմունքը ոչ միայն խոսքի վարպետություն է, այլև հոգեվիճակ, իսկ ի՞նչ, եթե տրամադրություն չունեք, բայց ստիպված եք բեմ դուրս գալ…
-Այդպես չի լինում, եթե ունեմ ելույթ, թեկուզ ընդհանուր համերգի շրջանակում, ես լրիվ ներանձնանում եմ, այ, եթե այսօր ելույթ ունենայի, Ձեզ հետ չէի հանդիպի, այդ օրը լրիվ մնում եմ պոետի աշխարհում:
-Տարբերվո՞ւմ են Հայաստանի և սփյուռքի հանդիսատեսները:
-Սփյուռքի դահլիճներն ավելի շատ կարոտի դահլիճներ են…
-Բանաստեղծների հետ հաճա՞խ եք շփվում, ինչպիսի՞ն են նրանք:
-Ոչ միայն շփվել եմ, այլև բավական ճամփորդել եմ, օվկիանոս եմ կտրել ժամանակի մեծ բանաստեղծների` Համո Սահյանի, Սիլվա Կապուտիկյանի, Վահագն Դավթյանի հետ: Բանաստեղծները, արվեստագետները, ընդհանրապես, սովորական մահկանացու են, ունեն իրենց թուլությունները, բայց, ինչպես Համո Սահյանն է ասում, նրանց պիտի փնտրես իրենց երկերում, նրանք ուրիշ տեղ չկան: Նաև անսովոր մարդիկ են գրողները: Թվացյալ թերություններն ինձ համար կարող են դիտվել առավելություն: Օրինակ, Սարոյանի որդին հոր մահից հետո գիրք գրեց և, իր կարծիքով, վարկաբեկեց հորը, բայց իմ աչքին Սարոյանն ավելի բարձրացավ, որովհետև այդ թերություններն ինձ համար առավելություններ էին և այլ բացատրություն ունեին: Առհասարակ, կենցաղային հարցերում գրողները շատ անօգնական են, ազգային հարցերում, արդար զայրույթի պահերին` անպարտելի:
-Փորձել ե՞ք բանաստեղծություններ գրել:
-Ինչպես գիտեք, հայերը հենց գրաճանաչ են դառնում, գրելու փորձեր են անում: Ես բախտ եմ ունեցել տեսնելու Սարոյանին նրա վերջին երկու այցելությունների ժամանակ: Մի օր Սարոյանը պատմեց. «Ֆրեզնո հայեր շատ կապրին, ինձի կմոտենան, գրպաններեն թուղթի կտորներ կհանեն ու ականջիս ոտանավորներ կկարդան (անշուշտ թույլ կըլլան): Կըսեմ` դուն կոշկակար ես, դուն` նպարավաճառ, այդ ե՞րբ գրիր: Կըսե` է՜, ցերեկն եմ կոշկակար, գիշերը բանաստեղծություններ կգրեմ»: Այնպես որ, հայերը բոլորը «բանաստեղծ» են, ես էլ նրանց նման…
-Հանդիսատեսի մեջ երևի հարց է առաջանում` ինչպե՞ս է խոսում Սիլվա Յուզբաշյանը կենցաղում, դարձյա՞լ հղկված ու գեղեցիկ հայերենով:
-Չնայած բանաստեղծությունը լեզուն հղկելու, կատարյալ դարձնելու ամենալավ միջոցն է, բայց սովորական հարաբերություններում կողմնակից եմ կենդանի խոսքի, իհարկե, բացառում եմ նաև գռեհկաբանությունն ու ժարգոնը: Շատ սիրում եմ բարբառները, ինքս էլ լինելով բնիկ գյումրեցի` հաճույքով խոսում եմ Գյումրվա բարբառով:
-Ձեր առոգանությունից դատելով, երբեք չես ասի, սովորաբար գյումրեցիները չեն կարողանում խոսել առանց հատուկ շեշտադրության: Ինչևէ: Անցյալ տարի արժանացաք վաստակավոր արտիստուհու կոչման, կարծես նկատելի է պետական հոգածություն:
- Իսկապես այդպես է: Երկար ժամանակ խոսքարվեստը շոու բիզնեսի հաղթարշավում դիտվում էր որպես հնացած տեսակ: Այս տարի ապրիլին կայացած իմ մենահամերգները հովանավորել են մոսկվաբնակ գործարարներ Էդվարդ Ավետիսյանը և Լևոն Տաճատի Մկրտչյանը, այն դեպքում, երբ տեղի գործարարների ուշադրության կենտրոնում հիմնականում «աստղերն» են: Հեռվում ապրողի վերաբերմունքը մի փոքր այլ է։
-Գիտեմ, որ կրթության և գիտության նախարարությունը, գրողների միությունը և Ե. Չարենցի տուն-թանգարանը համատեղ անցկացնում են դպրոցականների (բարձր դասարանցիների) ասմունքի ամենամյա հանրապետական փառատոն-մրցույթ: Մի փոքր պատմեք այդ մասին:
-Այս տարի մասնակիցների մեջ շատ տղաներ կային, ինչը ինձ ուրախացրեց, կարդում էին Վարուժան, Չարենց, հետաքրքիր է նաև, որ ավելի աչքի էին ընկնում մարզերի երեխաները: Չգիտեմ, թե հետո ինչ ճանապարհ կընտրեն, բայց ուրախալի էր: Ես հասկացա, որ մասնակիցներից ոչ մեկը ցանկություն չուներ շարունակելու ճանապարհը գրականության ասպարեզում կամ խոսքարվեստում, որովհետև շատ գործնական են և հասկանում են, որ հացի խնդիր պիտի լուծեն, իսկ բանաստեղծություն կարդալով չես ապրի: Բայց ոչինչ, ես վստահ եմ` նրանք հրաշալի ընթերցողներ կլինեն, հրաշալի կպահեն իրենց ընտանիքը, երկիրը: Իսկ երկիրը պաշտպանելով ոչ միայն հողն ես պաշտպանում, այլև լեզուն, մշակույթը, ինքնությունը:
-Սիրո՞ւմ եք, երբ հեղինակն ինքն է կարդում իր գործերը:
-Իհարկե, սիրում եմ, երբ բանաստեղծները կարդում են, բայց որպես օրենք, վատ են կարդում, ուղղակի մենք սիրում ենք բանաստեղծին, իր ձայնն է հարազատ:
-Եթե Ձեզ դեր առաջարկեին, կհամաձայնեի՞ք ներկայանալ թատրոնում կամ կինոյում:
-Դժվարանում եմ ասել, բայց, ի վերջո, ես դերասանուհի եմ եղել և ունեի իմ երազած դերերը, որ մնացին… Պոեզիան հաղթեց:
-Ափսոսո՞ւմ եք:
- Չեմ ափսոսում, ես չգիտեմ էլ` ինչպե՞ս և ի՞նչ թվաբանությամբ կարողացա թատրոնի դեկորների, լույսերի գայթակղիչ տարածքը փոխել բեմում մեն-մենակ կանգնած ասմունքողի հետ: Ասմունքողի արվեստը մեծ նվիրում է պահանջում: Ես այն քչերից եմ, որ խուսափեցի ձայնս գովազդներում հնչեցնելուց, թեկուզ հաղորդավարի դերում հանդես գալուց, որպեսզի պոեզիայի ձայնն անխառն մնա այս համատարած աղմուկի ու բազմաձայնության մեջ:
-Բայց գումար վաստակելու եղանակները հենց դրանք են, գիտեմ, որ ստանում եք ընդամենը 40 հազար աշխատավարձ…
-ՈՒզում եք ասել` ինչպե՞ս եմ ապրում: Բարեբախտաբար, երբեմն հյուրախաղեր եմ ունենում արտասահմանում, կարելի է ասել` ինձ սփյուռքն է պահում, որ այստեղ ես կարողանամ գործել։ Թե ինչ կլինի հետո, չգիտեմ:
-Ցավոտ խնդիր շոշափեցինք` արվեստագետն այսօր Հայաստանում դժվարանում է ապրել իր մասնագիտությամբ…
-Արվեստագետը ե՞րբ է լավ ապրել: Բոլոր ժամանակներում էլ արվեստագետի կյանքը բարդ է եղել և հակասական: Դրա համար պետք է պետության և բարերարների հոգածությունը:
-Գեղեցիկը, ասել է թե` արվեստը, կփրկի՞ աշխարհը:
-Սպառողական հոգեբանությամբ մարդուն ինչպիսի արվեստ էլ մատուցես, չի ընկալի: Պետք է նոր մարդու վերածնունդ լինի:
-Ծրագրերի մասին:
-Նպատակ ունեմ լինելու Մոսկվայում, Թիֆլիսում, հրավեր ունեմ նաև ԱՄՆ-ից:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3346

Մեկնաբանություններ